KRISTINA OGANEZZ ART

Վառ ու պայծառ գույներ, էներգիայով ու հույզերով լի հերոսներ, չնաշխարհիկ, չկրնվող, գողտրիկ պատկերներ: Նկարչուհի Քրիստինա Օգանեզզի (Kristina Oganezz) նկարները կարելի է բնորոշել ամենատարբեր մակդիրներով, սակայն բառերով փոքր-ինչ դժվար է ներկայացնել այն ամբողջ ինքնատիպ ներկապնակը, որն արտացոլված է նրա կտավներում:

Նկարչուհու աշխատանքները դասական և ժամանակակից տեխնիկաների համադրություն են: Յուրահատուկ կենդանիներից մինչև նրբերանգ ծաղիկներ, աշխարհի հայտնի հայերից մինչև հոգևոր թեմատիկա. նրա նկարների առանցքում սերն է, որը նկարիչը տածում է աշխարհաստեղծման, մարդկանց և բնության նկատմամբ: Բացահայտելով ներսում պարփակված պատկերները՝ նկարչուհու երևակայությունը կարծես վեր է հառնում՝ տեղափոխվելով արվեստի բոլորովին այլ աշխարհ… Եվ այդ կերպ է կերտվում հրաշքը:

 Հայաստանում ծնված նկարչուհի Քրիստինա Օգանեզզն արվեստի աշխարհ մուտք գործեց ընդամենը 3 տարեկանում՝ հաճախելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Որպես տաղանդավոր երեխա՝ մանուկ հասակում մասնակցել է բազում ցուցահանդեսների։

Դեռահասության շրջանում շարունակել է նկարել, այնուհետև նաև սովորել գրաֆիկ դիզայն և լուսանկարչություն։ Արվեստի մասնավոր դասեր է վերցրել հայ հայտնի արվեստագետներից՝ էլ ավելի կատարելագործելու սեփական նկարչական հմտությունները։ Հայ նկարիչը նաև լեզվաբանի և տնտեսագետի կրթություն  ունի։

Քրիստինա Օգանեզզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:

Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական և խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Նրա աշխատանքները զետեղված են անձնական, պետական և թանգարանային հավաքածուներում: Մասնավորապես՝ Օգանեզզի գործերից կարելի է գտնել Երևանի պատմության թանգարանում:

2020 թ. Օգանեզզը Միլանում (Իտալիա) արժանացել է Ֆրիդա Կալոյի անվան մրցանակի՝ Շառլ Ազնավուրի դիմանկարի համար: